Լրահոս

23.02.2012 16:32


Դ. Ջամալյան. «Ադրբեջանի հավակնությունները գալիս են դեռ շատ վաղուց»

Դ. Ջամալյան. «Ադրբեջանի հավակնությունները գալիս են դեռ շատ վաղուց»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը նշել է, որ Իրանի, ՀՀ–ի և Արցախի տարածքների հանդեպ հավակնությունները սահմանադրականացնելու նախաձեռնությունը Ադրբեջանում նորություն չէ մեզ համար:

–Ադրբեջանի հավակնությունները, որոնց փորձ է արվում տալ սահմանադրական տեսք, գալիս են դեռ շատ վաղուց: Մեզ համար պետք է մշակվի առավելագույն իրատեսական կոնցեպցիա: Ըստ էության, Ադրբեջանում տեղի ունեցած զարգացումներն ապագա ագրեսիան հոգեբանորեն և արդեն հիմա իրավական առումով նախապատրաստելու քայլեր են,–ասել է նա։

Ռազմական փորձագետի կարծիքով եթե Ադրբեջանը տեսնի, որ կարող է հաջողության հասնել Հայաստանի հետ պատերազմի ժամանակ, ապա հաստատ չի վարանի այդ հարցում: Բանախոսն ավելացրել է, որ թեև այդ պատերազմը ձեռնտու չէ աշխարհի ուժեղներին, սակայն կգա մի ժամանակ, երբ ինչ–որ մեկին ձեռնտու կլինի: Ըստ նրա՝ այդ պատերազմում մենք ուժի առումով վախենալու ոչինչ չունենք:

–Ախորժակն ուտելուց է բացվում, և չկա որևէ երաշխավոր, որ եթե մենք հետ վերադարձնենք գրավյալ տարածքները, ապա Ադրբեջանը կհանգստանա: Ո՛չ, նա անգամ առաջ կշարժվի՝ փորձելով օկուպացնել նաև Սյունիքը: Բնականաբար, վտանգը կա, եղել է ու միշտ էլ կլինի, թեև մեր այսօրվա խաղաղության երաշխավորը Արցախի տարածքային ամբողջականությունն է: Բարոյական առումով մենք դեռ անելիքներ ունենք, բայց պատրաստ ենք պատերազմի,-ասել է Ջամալյանը:

Ջամալյանը նաև նշել է, որ մեր կողմի փորձագետները հետևում են ադրբեջանական սահմանի մոտ տեղի ունեցող զորավարժություններին, և տագնապալից որևէ բան չկա։

Այս խորագրի վերջին նյութերը